Հաճախորդը (օգտատերը) կարող է օգտվել փոխադրումների և այլ լրացուցիչ ծառայությունների Ինտերնետ-ամրագրման և ձեռքբերման Biletix Distribution System (BDS) համակարգից միայն սույն Կանոններում սահմանված կարգի և պայմանների համաձայն: Ստորև շարադրված տեքստը BDS կայքում նշված գների, սակագների, հավելավճարների և BDS ծառայության օգտագործման այլ լրացուցիչ պայմանների հետ մեկտեղ հանդիսանում է հաճախորդին (օգտատիրոջը), ինչպես նաև ցանկացած այլ անձի հասցեագրված պաշտոնական հրապարակային առաջարկ (հրապարակային օֆերտա) կնքել պայմանագիր, որի առարկան շարադրված է սույն Կանոններում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Պայմանագիրը համարվում է կնքված և ուժի մեջ է մտնում հաճախորդի (օգտատիրոջ) կողմից սույն Կանոններով նախատեսված գործողությունները կատարելու պահից, որոնք նշանակում են հաճախորդի (օգտատիրոջ) կողմից օֆերտայի բոլոր պայմանների հետ անվերապահ համաձայնություն (ակցեպտ) առանց որևէ անտեսումների և սահմանափակումների: Եթե հաճախորդը (օգտատերը) ամբողջ ծավալով չի ընդունում սույն Կանոններով սահմանված պայմանները, ապա նա իրավունք չունի օգտվել BDS ծառայությունից:

Biletix Distribution System ինտերնետ-ամրագրման և ռեսուրսների ձեռքբերման համակարգի ծառայություններից օգտվելու կանոնները

Սույն Կանոնները հանդիսանում են Biletix ընկերությունների խումբը ներկայացնող «Բիլետիքս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «ընկերություն») պաշտոնական հրապարակային առաջարկը (հրապարակային օֆերտան)` կնքել պայմանագիր ցանկացած անձի հետ (այսուհետ՝ «հաճախորդ» կամ «հաճախորդներ»), ով ակցեպտավորել է սույն օֆերտան, այսինքն` անվերապահ համաձայնություն է տվել ընկերության և հաճախորդի փոխհարաբերությունները կարգավորող` ստորև նշված բոլոր պայմաններին: Կնքվող պայմանագիրը (այսուհետ` «Պայմանագիր») սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները հաճախորդին ծառայություններ մատուցելու վերաբերյալ, ինչպես անմիջականորեն ընկերության, այնպես էլ այլ անձանց կողմից, որոնք ընկերությանը լիազորել են կնքելու Պայմանագիրը:

Բովանդակություն

I. Ընդհանուր դրույթներ

1.

Պայմանագրում օգտագործվող եզրույթները և սահմանումները

2.

Պայմանագրի առարկան

3.

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

3.1.

Հաճախորդի իրավունքները

3.2.

Ընկերության իրավունքները

3.3.

Հաճախորդի պարտականությունները

3.4.

Ընկերության պարտականությունները

4.

Պատվերի ձևակերպումը (ռեսուրսների ընտրությունը)

5.

Պատվերի հաստատումը (ռեսուրսների ամրագրումը)

6.

Ռեսուրսների ձեռքբերումը

7.

Պատվերի չեղարկումը

8.

Պատասխանատվությունը, վեճերի լուծումը

9.

Անհաղթահարելի ուժի հանգամանքները

10.

Պայմանագրի գործողությունը, փոփոխությունները և լուծարումը

11.

Տեղեկատվության գաղտնիությունը

II. Հատուկ դրույթներ

12.

Տոմսերի ետ վերադարձը

13.

Լրացուցիչ ծառայությունների ետ վերադարձը

14.

Պրոմոկոդերի օգտագործման պայմանները

I. Ընդհանուր դրույթներ

1.

Պայմանագրում օգտագործվող եզրույթները և սահմանումները

1.1.

Փոխադրման ծառայություններ («Փոխադրումներ») – ավիացիոն (օդային) փոխադրումներ, ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային չվերթներով, ինչպես նաև ուղևորների և նրանց ուղեբեռի երկաթուղային փոխադրումներ, որոնք հաստատվում են համապատասխան փոխադրման փաստաթղթով (տոմսով):

1.1.1.

Չարտերային փոխադրումներ – փոխադրումներ, որոնք օպերատորի կողմից կատարվում են տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակության կամ դրա մի մասի ֆրախտի պայմանագրին համապատասխան, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ գլխի 857-րդ հոդվածի եզրույթներով, ինչպես նաև սույն Կանոնների նպատակների համար դրանց հավասարեցված փոխադրումները կանոնավոր ուղերթներով (չվացուցակով մեկնող` հեռավոր ուղևորության գնացքներով) հատուկ (վերադարձի ոչ ենթակա) սակագներով:

1.2.

Լրացուցիչ ծառայություններ – մինչև մոսկովյան օդանավակայաններ երկաթուղային էքսպրես-փոխադրման ծառայություններ (Աէրոէքսպրեսի ծառայություններ), ապահովագրական պատահարից և փոխադրման ընթացքում ուղեբեռի կորստից ապահովագրման, ապահովագրության այլ տեսակների ծառայություններ, հյուրանոցային ծառայություններ, տրանսֆերային ծառայություններ և ավտոտրանսպորտի վարձակալություն՝ փոխադրման ընդհանուր երթուղու սահմաններում, ինչպես նաև այլ ծառայություններ, ներառյալ` կարճ հաղորդագրությամբ տեղեկացումը չվերթի չեղարկման կամ հետաձգման, չվերթին հաշվառման մասին, որոնց ամբողջական ցանկը ներկայացված է biletix.amկայքում:

1.3.

Ինտերնետ-ամրագրման և ռեսուրսների ձեռքբերման Biletix Distribution System համակարգ («Համակարգ» կամ BDS) – տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիա (վեբ-տեխնոլոգիա), որի նկատմամբ իրավունքները պատկանում են Biletix ընկերությունների խմբին, որը գործարկվում է ընկերության կողմից և թույլ տալիս Ինտերնետի միջոցով իրականացնել փոխադրման և լրացուցիչ ծառայությունների ամրագրում և ձեռքբերում:

1.4.

Համակարգի ռեսուրսներ («Ռեսուրսներ») – փոխադրման և լրացուցիչ ծառայություններ, որոնց մասին տեղեկատվությունը հատուկ կերպով ձևակերպված է էլեկտրոնային տեսքով` համակարգի միջոցով դրանց ամրագրումն ու ձեռքբերումն ապահովելու համար:

1.5.

Օպերատոր – կազմակերպություն, որը մատուցում է փոխադրման և լրացուցիչ ծառայություններ, որոնք ներկայացված են համակարգի ռեսուրսների տեսքով:

1.6.

Ռեսուրսատու – կազմակերպություն, որը լիազորված է օպերատորի կողմից և ներկայացնում է վերջինիս փոխադրման կամ լրացուցիչ ծառայությունները որպես համակարգի ռեսուրսներ: Մասնավորապես, օպերատորը կարող է անմիջապես հանդիսանալ ռեսուրսատու: Ռեսուրսատու ասելով հասկացվում է նաև ֆրախտ ստացողը՝ տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակության կամ դրա մի մասի ֆրախտի պայմանագրով, որն իրականացնում է չարտերային փոխադրումներ, կամ ֆրախտ ստացողի կողմից լիազորված անձը:

1.7.

Համակարգի ծառայություններ («Վեբ-սերվիս») – հաճախորդների սպասարկում համակարգի միջոցով, որը դրսևորվում է համակարգի ռեսուրսերի ինտերնետ-ամրագրման և ձեռքբերման հնարավորություն տրամադրելով:

1.8.

Համակարգի կայք – biletix.am հասցեով վեբ-կայք, որի միջոցով հաճախորդներին հասանելի են դառնում համակարգի ծառայությունները` համակարգի ռեսուրսերի ինտերնետ-ամրագրման և ձեռքբերման համար:

1.9.

Հաճախորդ – համակարգի կայքի օգտատեր, որը համակարգի ծառայության միջոցով ձևակերպել է պատվեր և վճարել համակարգի որոշակի ռեսուրսների համար` դրանով իսկ ընկերության հետ կնքելով սույն Կանոններով կարգավորվող պայմանագիր:

1.10.

Ուղևոր – օպերատորի ծառայություններից օգտվող անձ: Մասնավորապես` հաճախորդն ինքը կարող է հանդիսանալ ուղևոր:

1.11.

Պատվեր – հաճախորդի հանձնարարությունն ընկերությանը` համակարգի որոշակի ռեսուրսներ ամրագրելու և ձեռքբերելու վերաբերյալ, որը տեղեկություններ է պարունակում հաճախորդին անհրաժեշտ փոխադրման և լրացուցիչ ծառայությունների բոլոր կարևոր հատկանիշների մասին:

1.12.

Պատվերի կարգավիճակ – տվյալ ժամանակահատվածում պատվերի որոշակի վիճակ, որը արտացոլում է հաճախորդի, ընկերության, ռեսուրսատուի և օպերատորի այս կամ այն իրավունքների ու պարտականությունների առկայությունը, այդ թվում` համակարգի պատվիրված ռեսուրսների վերաբերյալ:

1.13.

Ռեսուրսների ընտրություն (պատվերը «գրանցված է») – պատվերի սկզբնական կարգավիճակ, որը նշանակում է, որ հաճախորդն ընկերությանը հանձնարարել է ամրագրել համակարգի` իր կողմից ընտրված որոշակի ռեսուրսներ:

1.14.

Ռեսուրսների ամրագրում (պատվերը «հաստատված է») – պատվերի փոփոխված կարգավիճակ, որը նշանակում է, որ.

-

օպերատորը կամ ռեսուրսատուն հաստատում է (ամրագրում է) պատվիրված ռեսուրսները հօգուտ հաճախորդի՝ որոշակի ժամկետով, որի ընթացքում այդ ռեսուրսները կարող են ձեռք բերվել միայն պատվերը կատարած հաճախորդի կողմից,

-

հաճախորդը, իր հերթին, պարտավորվում է նշված ժամկետում վճարել պատվերը օպերատորի կամ ռեսուրսատուի պայմանների համաձայն, հակառակ դեպքում տեղի է ունենում պատվերի չեղարկում:

1.15.

Ռեսուրսների ձեռքբերում (պատվերը «վճարված է») - պատվերի փոփոխված կարգավիճակ, որը նշանակում է, որ ուղևորը օպերատորի պատվիրված ծառայություններից օգտվելու (ծառայությունները սպառելու) իրավունք է ստացել, իսկ օպերատորը պարտավորություն է ստանձնել ուղևորին մատուցել այդ ծառայությունները: Օպերատորն ինքն է կրում իր ծառայություններն ուղևորին պատշաճ կերպով մատուցելու համար պատասխանատվությունը և երաշխիքները: Օպերատորի ծառայություններից օգտվելու իրավունքն ուղևորներն ստանում են միայն այն դեպքում, եթե հաճախորդի կողմից պատվերը ձևակերպելիս ուղևորների մասին անհրաժեշտ ճիշտ տեղեկություններ են տրամադրվել և պատվերը վճարվել է լիարժեք՝ ներառյալ օպերատորի և ռեսուրսատուի սակագներն ու հավելավճարները, ինչպես նաև ընկերության հավելավճարները:

1.16.

Պատվերի չեղարկում – պատվերի փոփոխված կարգավիճակ, որը նշանակում է, որ ռեսուրսների ամրագրումը չեղարկված է՝ հաճախորդի կողմից սահմանված ժամկետում պատվերի դիմաց չվճարելու պատճառով կամ մինչև վճարման ժամկետի ավարտը հաճախորդի կողմից այլ պատճառներով պատվերից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև ընկերության, օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից որոշակի պատճառներով ռեսուրսները հաճախորդին տրամադրելուց հրաժարվելու դեպքում:

1.17.

Տոմս – սահմանված նմուշի փոխադրման փաստաթուղթ, որը հաստատում է կնքված փոխադրման պայմանագրի առկայությունը և ուղևորի իրավունքը օգտվել օպերատորի կողմից մատուցվող փոխադրման ծառայություններից:

1.18.

Էլեկտրոնային տոմս – օպերատորի էլեկտրոնային փաստաթուղթ (գրանցում հաշվառման համակարգում), որը պարունակում է հաճախորդի, ուղևորի, պատվերի նույնականացման տվյալները և, որպես էլեկտրոնային տեսքով տոմս, հաստատում է հաճախորդի կողմից ռեսուրսների՝ փոխադրման ծառայությունների ձեռքբերումը:

1.19.

Էլեկտրոնային վաուչեր – ընկերության, իսկ որոշ դեպքերում` ռեսուրսատուի կամ օպերատորի էլեկտրոնային փաստաթուղթ (գրանցում հաշվառման համակարգում), որը հաստատում է հաճախորդի իրավունքը ստանալ ռեսուրսներ հանդիսացող ծառայությունները, որոնք պատվիրվել են համակարգում և մատուցվում են ռեսուրսատուի կամ օպերատորի կողմից չարտերային չվերթով փոխադրման և/կամ լրացուցիչ ծառայությունների մասով: Էլեկտրոնային վաուչերը էլեկտրոնային տոմս չի հանդիսանում և նրան չի փոխարինում:

2.

Պայմանագրի առարկան

2.1.

Ընկերությունն իրական ժամանակի ռեժիմով հաճախորդին տրամադրում է մուտքի հնարավորություն դեպի համակարգի ռեսուրսները, տալիս է տեղեկատվություն տոմսերի առկայության և փոխադրման տարբերակների, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների վերաբերյալ, իսկ հաճախորդն օգտվում է համակարգի ծառայություններից և անձամբ կամ միջնորդավորված կերպով պատվերներ է ձևակերպում` սույն Կանոնների համաձայն համակարգի որոշակի (ընտրված) ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման նպատակով:

2.2.

Հաճախորդի կողմից պատվեր ձևակերպելու ժամանակ ընկերությունը նշում է պատվերի ձևակերպման պահին սահմանված ռեսուրսների և համակարգի ծառայությունների սակագները: Ընկերությունն իրավունք ունի նշել պատվերի ընդհանուր սակագինը: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոփոխել նշված սակագները մինչև հաճախորդի կողմից պատվերի լիարժեք վճարման պահը, ինչը կապված է օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից սակագների հնարավոր փոփոխության հետ: Հաճախորդը պատվերի դիմաց վճարում է վճարման պահին սահմանված և այդ պահին հաճախորդին նշված սակագներով:

2.3.

Գրանցված պատվերում ռեսուրսների ամրագրումը, որպես կանոն, տեղի է ունենում ավտոմատ կերպով, իրական ժամանակի ռեժիմով, սակայն առանձին դեպքերում, մասնավորապես` չարտերային փոխադրումներ կամ առանձին լրացուցիչ ծառայություններ պատվիրելիս, պահանջվում է պատվերի հաստատում օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից: Այդ դեպքերում օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից պատվերը չհաստատելը նշանակում է դրա չեղարկում՝ նույնիսկ հաճախորդի կողմից պատվերը լիարժեք վճարելու պարագայում:

2.4.

Հաստատված պատվերի լրիվ վճարումը, հաշվի առնելով սույն Կանոնների 2.2. և 2.3. ենթակետերը, նշանակում է հաճախորդի կողմից ռեսուրսների, այսինքն` օպերատորի կողմից ուղևորներին և/կամ այլ անձանց տրամադրվող ծառայություններից օգտվելու իրավունքի ձեռքբերում, որոնք հաճախորդի կողմից նշվել են պատվերը ձևակերպելիս:

3.

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

3.1.

Հաճախորդն իրավունք ունի.

3.1.1.

Ինքնուրույն որոշում կայացնել համակարգի ծառայություններից օգտվելու մասին: Ընդ որում, հաճախորդն ընդունում է, որ պատվեր ձևակերպելու նպատակով համակարգի ծառայություններից օգտվելիս ինքը լիովին և անվերապահորեն ընդունում է սույն Կանոններում շարադրված պայմանները` անկախ նրանից, թե պատվերն ինչ եղանակով է կատարվել:

3.1.2.

Պատվերը ձևակերպել Ինտերնետով, հեռախոսով թեժ գծին զանգահարելու միջոցով և բոլոր այն եղանակներով, որոնք նշված են biletix.am կայքում: Համակարգի որոշ ռեսուրսների ամրագրման և պատվերի ձևակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև որոշ կատեգորիայի հաճախորդների կողմից ամրագրման առանձնահատկությունները նշված են սույն Կանոնների Հատուկ դրույթներ բաժնում:

3.1.3.

Հանրության համար բաց, ոչ գաղտնի աղբյուրներից ինքնուրույն տեղեկություններ հավաքել փոխադրման և լրացուցիչ ծառայությունների շուկայում առկա սակագների և այլ բնութագրերի մասին: Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն փոխադրումների և լրացուցիչ ծառայությունների վերաբերյալ այն տեղեկատվության համար, որը հրապարակված է համակարգի կայքում և որն անհրաժեշտ է հաճախորդի կողմից պատվեր ձևակերպելու և ուղևորներին պատվիրված ծառայությունները մատուցելու համար:

3.1.4.

Ստուգել պատվերի մեջ մուտքագրված տվյալների ճշտությունը պատվերը ձևակերպելուց և ռեսուրսներն ամրագրելուց առաջ:

3.1.5.

Հրաժարվել պատվերից (չեղարկել պատվերը) ռեսուրսների ընտրության կամ ամրագրման փուլում (մինչև հաստատված պատվերի լրիվ վճարման պահը) առանց որևէ տուգանքների կիրառման:

3.1.6.

Ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման համար ընտրել համակարգի կայքում առաջարկված պատվերի վճարման եղանակներից որևէ մեկը: Պատվերի դիմաց որոշ եղանակներով կամ որոշ կատեգորիայի հաճախորդների կողմից վճարման առանձնահատկությունները նշված են սույն Կանոնների Հատուկ դրույթներ բաժնում:

3.1.7.

Հրաժարվել օպերատորի ծառայություններից ռեսուրսների ձեռքբերումից հետո, մասնավորապես՝ ետ վերադարձնել չօգտագործված տոմսերը օպերատորի, ռեսուրսատուի և ընկերության պայմաններին և կանոններին համապատասխան: Վճարված պատվերներից հրաժարվելու պայմանները (ռեսուրսների ձեռքբերումից հետո) կարող են ներառել հաճախորդի կողմից որոշակի վճարներ, միջնորդավճարներ, ինչպես նաև տուգանքներ վճարելու պարտականություններ: Համակարգի որոշ ռեսուրսներից հրաժարվելու պայմանները նշված են սույն Կանոնների Հատուկ դրույթներ բաժնում:

3.1.8.

Բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու նպատակով, ինչպես նաև ընկերության աշխատանքի և համակարգի կայքի մասին կարծիքներ հայտնելու համար դիմել համակարգի աջակցման կենտրոն՝ մասնավորապես օգտվելով համակարգի կայքի «Կոնտակտներ» բաժնում զետեղված կոնտակտային տվյալներից՝ http://biletix.am /contacts/. Միևնույն ժամանակ, հաճախորդն իրավունք չունի վիրավորել, ստորացնել, ցենզուրայից դուրս արտահայտություններ անել ընկերության աշխատակիցների և, ընդհանուր առմամբ, ընկերության, ինչպես նաև համակարգի հասցեին:

3.2.

Ընկերությունն իրավունք ունի.

3.2.1.

Հաճախորդի կողմից ուղղակիորեն կամ երրորդ անձանց միջոցով միջնորդավորված կերպով ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման համար համակարգի ծառայություններից օգտվելիս հաճախորդից պահանջել վերջինիս լրիվ և անվերապահ համաձայնությունը օֆերտայի պայմանների («սույն Կանոնների») հետ: Օֆերտայի պայմանների հետ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև պատվերը կատարելու անհնարինության դեպքում մերժել հաճախորդին պատվերը ձևակերպելու և ծառայությունները մատուցելու հարցում:

3.2.2.

Հաճախորդից պահանջել պահպանել ռեսուրսների ընտրության, ամրագրման և ձեռքբերման, ինչպես նաև՝ պատվերի չեղարկման կարգը և բոլոր այն ընթացակարգերը, որոնք շարադրված են համակարգի կայքում և սույն Կանոններում, ներառյալ նրա Հատուկ դրույթներ բաժնում: Անկախ հաճախորդի կողմից կատարված գործողություններից՝ ընկերությունն իր պարտականությունների կատարման համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, երբ հաճախորդն իր գործողություններն իրականացնում է վերոհիշյալ կարգի և ընթացակարգերի լրիվ պահպանմամբ:

3.2.3.

Սահմանել հավելավճարներ համակարգի ծառայություններից օգտվելու, էլեկտրոնային տոմսը թղթե կրիչի վրա (տոմսի) տեղափոխելու համար, պատվերի վճարման որոշ եղանակների դեպքում, տոմսերի ետ վերադարձը կամ փոփոխումը ձևակերպելու համար, ինչպես նաև՝ սահմանել այլ վճարներ, որոնց ցանկը և չափը նշվում են համակարգի կայքում: Ընկերությունն իրավունք ունի նաև ցանկացած ժամանակ փոփոխել այդ հավելավճարների չափը և, ընդհանուր առմամբ, գնագոյացման քաղաքականությունը, բացառությամբ այն սակագների և վճարների, որոնք սահմանվում են օպերատորների և ռեսուրսատուների կողմից:

Սույն հավելավճարների առկայությունը և չափը կախված են օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից տրամադրվող պայմաններից, ինչպես նաև այդ ծառայությունների արժեքից: .

3.2.4.

Հավելավճարներն ու հաճախորդի պատվերի շրջանակներում ընկերության կողմից մատուցվող այլ ծառայությունների արժեքը ներառել պատվերի ընդհանուր սակագնի մեջ: Ընդ որում` հաճախորդը համաձայնվում է ձևակերպված պատվերի այսպիսի գնագոյացման հետ և պատվերը ձևակերպելիս կողմնորոշվում է ծառայությունների ընդհանուր սակագնով: Հաճախորդը նաև տալիս է իր համաձայնությունը այն բանին, որ մինչև պատվերի լրիվ վճարման պահը պատվերի սակագինը կարող է որոշ դեպքերում փոփոխվել օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից սահմանվող ռեսուրսների արժեքի, ինչպես նաև ընկերության կողմից սահմանվող համակարգի ծառայությունների արժեքի փոփոխման արդյունքում:

3.2.5.

Հաճախորդից պահանջել պատվերի սակագնի, հավելավճարների և այլ գանձումների լիարժեք վճարում: Ընկերությունն իրավունք ունի հաճախորդից գանձել հավելավճարներ, օպերատորների կամ ռեսուրսատուների տուգանքներ՝ տոմսը փոխանակելու, կամավոր կամ հարկադրված վերադարձի, չեղարկման (դուրսգրման օրը չեղարկման), ինչպես նաև՝ ռեսուրսի դիմաց վճարելուց հետո դրանից հրաժարվելու դեպքում, իսկ միջոցների անբավարարության դեպքում պահանջել հավելյալ վճարում: Այս դեպքերում համակարգի ծառայություններից օգտվելու, տոմսերը ձևակերպելու, վճարումն իրականացնելու և այլ ծառայությունների դիմաց ավելի վաղ հաճախորդի կողմից վճարված գումարները վերադարձի ենթակա չեն: Ընդ որում` հաճախորդն ընկերության նման գործողությունները համարում է լիովին իրավաչափ և նրա նկատմամբ պահանջներ չունի:

3.2.6.

Անջատել և միացնել համակարգի ծառայությունները, սերվերի և ծառայությունների մատուցման մեջ գործարկված այլ սարքավորումների վրա կատարել պրոֆիլակտիկ աշխատանքներ իրեն հարմար ժամանակ` այդ մասին հաճախորդներին տեղեկացնելով համակարգի կայքում:

3.2.7.

Օգտագործել հաճախորդի և ուղևորների անձնական տվյալները, որոնք տրամադրվել են պատվերը ձևակերպելիս, բացառապես նրանց համաձայնությամբ, մասնավորապես` այդ տվյալների ստուգման (հաճախորդի նույնականացման) կամ մարքեթինգի նպատակներով (մարքեթինգային հետազոտություններ, հատուկ առաջարկների ուղարկում, հաճախորդի և ուղևորների իրազեկում ակցիաների մասին): Հաճախորդն ուղղակիորեն համաձայնություն է տալիս ընկերության կողմից հաճախորդի և ուղևորների անձնական տվյալների օգտագործման և մշակման վերաբերյալ` նախապես այդպիսի համաձայնություն ստանալով ուղևորներից և պատասխանատվություն կրելով այդպիսի համաձայնություն տալու համար, ինչպես նաև այն բանի համար, որ ուղևորները ծանոթացել են սույն Կանոնների հետ: Ընդ որում`հաճախորդն ընդունում է, որ հաճախորդի և ուղևորների տվյալների և պատվերների վերլուծության միջոցով ստացված բոլոր արդյունքները հանդիսանում են ընկերության սեփականությունը: Հաճախորդն է կրում ոչ արժանահավատ և ոչ ճշգրիտ տվյալներ հայտնելու համար ողջ պատասխանատվությունը, բացառությամբ այն տվյալների, որոնք համակարգում լրացվում են ավտոմատ կերպով:

3.2.8.

Հաճախորդին տեղեկատվություն տրամադրել օպերատորների և ռեսուրսատուների և վճարման եղանակների մասին` օպերատորների, ռեսուրսատուների, ինչպես նաև հաճախորդների պատվերների վճարման պրոցեսին մասնակցող վճարային համակարգերի հետ համաձայնեցված ծավալով:

Առանձին դեպքերում, խարդախության և այլ ապօրինի գործողությունների կանխարգելման նպատակով, Միջազգային վճարային համակարգերի կանոնների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դրամական միջոցները որպես պատվերի համար վճարում ընդունելիս ընկերությունն ու իր ներկայացուցիչներն իրավունք ունեն փաստաթղթեր և տեղեկատվություն պահանջել հաճախորդից կամ ուղևորներից՝ դրամական միջոցների փոխանցում կատարող կամ այդպիսի փոխանցման կարգադրություն տված անձի նույնականացման ընթացակարգն իրականացնելու համար: Ընկերությունն այդ փաստաթղթերն ու տեղեկատվությունը կօգտագործի բացառապես նշված նպատակներով և նման դեպքերում նախատեսված տեղեկատվության գաղտնիության ռեժիմների պահպանմամբ:

3.2.9.

Հաճախորդին խորհուրդներ տալ և տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն պատվերի ձևակերպման ընթացքի, պատվերի կարգավիճակի փոփոխման, էլեկտրոնային տոմսերի ստացման, տոմսը թղթային կրիչով դուրսգրելու, էլեկտրոնային վաուչերներ և էլեկտրոնային տեսքով կամ թղթային կրիչի վրա այլ փաստաթղթեր ստանալու վերաբերյալ, այդ թվում` զանգահարել հաճախորդին նրա կողմից նշված հեռախոսահամարով, հաղորդագրություններ ուղարկել նրա կողմից նշված բջջային հեռախոսահամարին և նամակներ ուղարկել նրա կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Միևնույն ժամանակ, հաճախորդն իրավունք ունի հրաժարվել ընկերության խորհրդատվություններից և լրացուցիչ իրազեկումից` պատճառաբանելով իր հրաժարվելը:

3.2.10.

Հաճախորդին ուղղորդել դեպի հաճախորդների սպասարկման կենտրոն կամ օպերատորի, ռեսուրսատուի կամ պատվերի վճարման գործընթացում ներառված վճարային համակարգի ինտերնետային կայքեր` ծառայությունների և վճարման եղանակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ հաճախորդի հարցերին պատասխանելու համար:

3.2.11.

Ցանկացած ժամանակ, առանց պատճառներ նշելու, մերժել հաճախորդին տրամադրել մուտքի հնարավորություն դեպի համակարգի կայք և նրա ծառայություններ:

3.3.

Հաճախորդը պարտավոր է.

3.3.1.

Համակարգի ծառայություններից օգտվելու և պատվերի ձևակերպման նպատակով համաձայնել օֆերտայի (սույն Կանոնների) պայմաններին: Եթե հաճախորդն օգտվել է համակարգի ծառայություններից և կատարել ռեսուրսների ամրագրում կամ ձեռքբերում, ապա դա ավտոմատ կերպով նշանակում է հաճախորդի կողմից օֆերտայի բոլոր պայմանների ընդունում: Հաճախորդի կողմից սույն Կանոնների ակցեպտը մատնանշող գործողությունների բացակայությունը նշանակում է նրան համակարգի ծառայությունները տրամադրելու և դրանց միջոցով ռեսուրսների ամրագրում կամ ձեռքբերում իրականացնելու անհնարինություն:

3.3.2.

Պատվերի ձևակերպումն սկսելիս մանրամասն ծանոթանալ համակարգի ծառայությունների օգտագործման բոլոր կանոններին, ընթացակարգերին և հրահանգներին, որոնք նշված են համակարգի կայքում, ինչպես նաև՝ ընտրված ռեսուրսների տարիֆային պայմաններին ու սահմանափակումներին, դրանց ետ վերադարձման, չեղարկման կամ փոփոխման պայմաններին, որոնք սահմանվում են օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից, Օդային Փոխադրումների Միջազգային Ասոցացիայի՝ IATA-ի կանոններին և պայմաններին (http://www.iatatravelcentre.com/tickets), այն վճարային համակարգից օգտվելու կանոններին, որը հաճախորդն ընտրել է պատվերի դիմաց վճարելու և այլ վճարումների համար: Քանի որ ամրագրման տարբեր կարգերում հանձնվող ուղեբեռի անվճար թույլատրվող քանակը հաճախ փոփոխվում է, ուղևորներին խնդրում ենք տոմսերի ձևակերպման օրը այս տեղեկատվությունը ճշտել տվյալ օպերատորի կամ ավիաընկերության գրասենյակից: Վերոհիշյալ կանոնները պատվերի ձևակերպման էջում արտացոլվում են այն տեսքով, որով դրանք ներկայացված են ամրագրման համակարգերի, վճարային համակարգերի և օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից: Հաճախորդը համաձայնում է պահպանել օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից սահմանված կանոնները, պայմանները և սահմանափակումները: Հաճախորդը գիտակցում է, որ այդ կանոնների ցանկացած խախտում կարող է հանգեցնել պատվերի չեղարկման և ռեսուրսը տրամադրելու մերժման` առանց ավելի վաղ վճարված սակագնի ետ վերադարձի: Հետագայում, վեճեր կամ պահանջներ առաջանալու դեպքում հաճախորդն իրավունք չունի հղում կատարել իր չիմացությանը կամ անհամաձայնությանը վերոնշյալ կանոնների, ընթացակարգերի և հրահանգների հետ:

Եթե հաճախորդն սկսել է պատվերի ձևակերպումը, դա նշանակում է, որ հաճախորդն ամբողջությամբ ծանոթացել է և համաձայն է վերոնշյալ կանոնների, ընթացակարգերի և հրահանգների հետ և պարտավորվում է հետևել դրանց: Համակարգի ռեսուրսները ձեռք բերելիս հաճախորդը, համաձայնելով սակագնի պայմաններին, հաստատում է օպերատորի կամ ռեսուրսատուի կանոններով սահմանված փոխադրման և լրացուցիչ ծառայությունների մատուցման, տոմսերի փոփոխման, չեղարկման և ետ վերադարձի պայմաններին իր և ուղևորների համաձայնությունը, որոնց համար նա ձեռք է բերել ռեսուրսները: Տոմսերի ետ վերադարձի կամ լրացուցիչ ծառայություններից հրաժարվելու որոշ կանոններ ու սահմանափակումներ ենթադրում են, որ այդ դեպքերում տոմսերի կամ լրացուցիչ ծառայությունների արժեքը չի վերադարձվում կամ վերադարձվում է ոչ ամբողջությամբ: Վերադարձվող դրամական միջոցների ճշգրիտ գումարի մասին տեղեկատվությունը հաճախորդին կամ ուղևորին տրամադրվում է ի պատասխան նրանց գրավոր հարցման:

Երրորդ անձանց (ուղևորների) համար պատվեր ձևակերպելիս, ռեսուրսներ ամրագրելիս կամ ձեռք բերելիս հաճախորդը գործում է իր անունից, սակայն ի շահ ուղևորների, որոնց նա տեղեկացնում է փոխադրման և լրացուցիչ ծառայությունների բոլոր պայմանների, կանոնների և սահմանափակումների մասին, համակարգի ծառայությունների մասին, ինչպես նաև՝ պատվերի, ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման հետ կապված բոլոր հնարավոր փոփոխությունների մասին:

3.3.3.

Ինքնուրույն մուտքագրել պատվերի ձևակերպման և ռեսուրսների ամրագրման ու ձեռքբերման համար անհրաժեշտ բոլոր տվյալները և լրիվ պատասխանատվություն կրել իր կողմից տրամադրված տվյալների արժանահավատության և ճշգրտության, ինչպես նաև պատվերը ձևակերպելիս և պայմանագրի շրջանակներում հետագա գործողություններ կատարելիս դրանց օգտագործման իրավաչափության համար: Հաճախորդի կողմից տրամադրված բոլոր տվյալները պետք է լինեն իրական, ճշգրիտ, արդի և լիարժեք: Հաճախորդը տեղեկացված է, որ արդեն ձևակերպված պատվերում ցանկացած փոփոխություններ անելն անհնար է` գլոբալ դիստրիբուցիոն համակարգերի և օպերատորների ամրագրման համակարգերի աշխատանքի առանձնահատկության պատճառով:

3.3.4.

Ռեսուրսների ամրագրումից առաջ ծանոթանալ պատվիրված բոլոր ծառայությունների ամբողջական արժեքին, որը որոշում է պատվերի ընդհանուր սակագինը: Ամրագրման իրականացումը համակարգի կայքի ինտերֆեյսում կոճակ սեղմելու միջոցով կա՛մ հաճախորդի բանավոր հաստատումից հետո, կա՛մ այնպիսի իրադարձությունից հետո, որը սահմանված է համակարգի կայքում տեղադրված կանոններին համապատասխան, նշանակում է, որ հաճախորդը համաձայն է պատվերի սակագնին և պարտավորվում է վճարել այն սահմանված ժամկետներում` հաշվի առնելով սույն Կանոնների 2.2. կետը:

3.3.5.

Ինքնուրույն կամ երրորդ անձանց միջոցով վճարել պատվերի սակագինն ամբողջությամբ` հաշվի առնելով սույն Կանոնների 2.2. կետը, ներառյալ հավելավճարները, ինչպես նաև կատարել այլ վճարումներ հաճախորդի կողմից ընտրված վճարման եղանակներից որևէ մեկով, որոնք ներկայացված են համակարգի կայքում հետևյալ հղումով՝ http://biletix.am /faq/#14.

Առանձին դեպքերում, խարդախության և այլ ապօրինի գործողությունների կանխարգելման նպատակով, Միջազգային վճարային համակարգերի կանոնների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դրամական միջոցները որպես պատվերի համար վճարում փոխանցնելիս հաճախորդը ընկերության, նրա ներկայացուցիչների կամ վճարային համակարգերի օպերատորների պահանջով պարտավոր է փաստաթղթեր և տեղեկատվություն տրամադրել դրամական միջոցների փոխանցում կատարող կամ այդպիսի փոխանցման կարգադրություն տված անձի նույնականացման ընթացակարգն իրականացնելու համար:
Եթե հաճախորդը հրաժարվում է տրամադրել հարցման մեջ նշված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը, ինչպես նաև եթե տրամադրված փաստաթղթերի և տեղեկատվության հիման վրա նույնականացման նշված ընթացակարգը բացասական արդյունք է տալիս, ապա վճարման գործարքը չեղարկվում է, ինչի արդյունքում տեղի է ունենում նաև հաճախորդի պատվերի չեղարկում՝ հաճախորդից համակարգի ծառայություններից օգտվելու համար հավելավճարի գանձմամբ:

3.3.6.

Հավաստիանալ նրանում, որ ռեսուրսը հաջողությամբ ձեռք է բերվել (տեղեկատվություն է ստացվել էլեկտրոնային տոմսի ձևակերպման մասին կամ ստացվել է էլեկտրոնային վաուչերը):

3.4.

Ընկերությունը պարտավոր է.

3.4.1.

Հաճախորդին տրամադրել մուտքի հնարավորություն դեպի համակարգի կայք և ծառայություններ` համակարգի ռեսուրսերի ինտերնետ-ամրագրման և ձեռքբերման նպատակով, ինչպես նաև իր ծառայությունները մատուցել սույն Կանոնների պայմանների խիստ պահպանմամբ: Այլ պայմաններով ընկերության կողմից ծառայություններ չեն մատուցվում:

3.4.2.

Ինքնուրույն և իր հաշվին կատարելագործել համակարգի կայքի աշխատանքը և դրա վրա իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչպես նաև կատարելագործել համակարգի ծառայություններն ու կատարել դրանց լրամշակումներ և բարելավումներ:

3.4.3.

Հաճախորդին տեղեկատվություն տրամադրել փոխադրման և լրացուցիչ ծառայությունների, օպերատորների, ռեսուրսատուների և պատվերների վճարման եղանակների մասին: Սպառիչ տեղեկատվություն համարվում է այն տեղեկատվությունը, որը տրամադրված է օպերատորների, ռեսուրսատուների և վճարմանը մասնակցող վճարային համակարգերի կողմից և համաձայնեցված է նրանց հետ:

3.4.4.

Հաճախորդին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն համակարգի ծառայությունների մասին և հրահանգներ պատվերը ձևակերպելու, ռեսուրսների ընտրության, ամրագրման և ձեռքբերման համար: Համապատասխան տեղեկատվություն համարվում է այն տեղեկատվությունը, որն ընկերությունը հրապարակում է համակարգի կայքում (կայքերում):

3.4.5.

Պատվերի պատշաճ ձևակերպումից հետո հաճախորդից ընդունել վճարում (այդ թվում` երրորդ անձանց միջոցով), իրական ժամանակի ռեժիմով ստանալ պատվերի վճարման վերաբերյալ հավաստիացում վճարային համակարգերից (երրորդ անձանցից), որոնք հանդես են գալիս որպես ծառայությունների դիմաց վճարումներ ընդունող գործակալներ` վճարման մասին հարցման պահին դրանց հասանելիության և աշխատունակության դեպքում: Առանց պատվերի վճարման մասին վճարային համակարգից հավաստիացում ստանալու ռեսուրսները մնում են հաճախորդի կողմից չվճարված: Ռեսուրսները համարվում են հաճախորդի կողմից վճարված միայն ընկերության կողմից դրանց լրիվ վճարման մասին հավաստիացում ստանալու դեպքում, օպերատորից կամ ռեսուրսատուից ռեսուրսների ամրագրման հավաստիացման պայմանով (այդպիսի հավաստիացման անհրաժեշտության դեպքում):

3.4.6.

Հաճախորդին տեղեկատվություն տրամադրել ռեսուրսների հաջող ձեռքբերման մասին, մասնավորապես` հաճախորդին էլեկտրոնային տոմսի և/կամ էլեկտրոնային վաուչերների բնութագրերն ուղարկելու միջոցով: Հաճախորդի պահանջով նրա կողմից փոխադրման ծառայությունների դիմաց վճարելիս նրան տրամադրել երթուղու թերթիկ-անդորրագիրը, ինչպես նաև առանձին վճարի դիմաց էլեկտրոնային տոմսը վերածել թղթային կրիչի (տոմսի) ընկերության գրասենյակում նրա աշխատակիցների միջոցով:

4.

Պատվերի ձևակերպումը (ռեսուրսների ընտրությունը)

4.1.

Պատվերի ձևակերպումը հաճախորդի կողմից իրականացվում է համակարգի կայքում նշված կանոնների, ընթացակարգերի և հրահանգների հիման վրա` հաշվի առնելով 3.3.1. և 3.3.2. ենթակետերի դրույթները:

4.2.

Պատվերը համարվում է ձևակերպված հաճախորդի կողմից (ուղղակիորեն կամ միջնորդավորված) հետևյալ գործողությունները կատարելու դեպքում.

Ուղևորության երթուղու և/կամ լրացուցիչ ծառայությունների ընտրություն համակարգի կայքում;

Ռեսուրսների ընտրության` ընտրված երթուղու և ընտրված լրացուցիչ ծառայությունների հաստատում;

Հաճախորդի և ուղևորի մասին բոլոր անհրաժեշտ տվյալների տրամադրում լրիվ ծավալով և ճիշտ, ներառյալ անձնական տվյալները, մասնավորապես` անձնագրային և անձը հաստատող այլ տվյալները, բջջային հեռախոսահամարը (միջազգային ձևաչափով, օրինակ` +374********), էլեկտրոնային փոստի հասցեն: Բջջային հեռախոսահամարը սխալ նշելու դեպքում հաճախորդը զրկվում է պատվերի կարգավիճակի մասին ծանուցում ստանալու հնարավորությունից;

Համակարգի կայքի ինտերֆեյսում համապատասխան կոճակի սեղմամբ:

4.3.

Ձևակերպելիս պատվերին շնորհվում է պատվերի սկզբնական կարգավիճակը` «պատվերը ձևակերպված է» ընկերության հաշվառման համակարգում:

4.4.

Պատվերին «պատվերը ձևակերպված է» կարգավիճակ շնորհելը նշանակում է հաճախորդի և ընկերության միջև ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման պայմանագրի կնքում` ելնելով Պայմանագրի առարկայից, որը սահմանված է սույն Կանոնների 2. կետում:

5.

Պատվերի հաստատումը (ռեսուրսների ամրագրումը)

5.1.

Պատվերը համարվում է հաստատված, իսկ ռեսուսրները`ամրագրված հետևյալ իրադարձությունների տեղի ունենալու դեպքում.

Հաճախորդի կողմից պատվերի հաջողակ ձևակերպում` Կանոնների 4-րդ կետի համաձայն;

Պատվերի տվյալների, այդ թվում` հաճախորդի և ուղևորների տվյալների ստուգման ընթացակարգի հաջողակ իրականացում: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը դիմում է օպերատորին կամ ռեսուրսատուին պատվերի տվյալների լրացուցիչ ստուգման և նրանից դրական պատասխան ստանալու համար;

Ընկերության կողմից օպերատորի կամ ռեսուրսատուի հաշվառման համակարգին հարցման ուղարկում, որը պարունակում է պատվերի մասին անհրաժեշտ տեղեկությունները;

Ընկերության կողմից օպերատորից կամ ռեսուրսատուից տվյալ պատվերի վերաբերյալ դրական պատասխան (պատվերի հաստատում) ստանալը (այդպիսի հաստատման անհրաժեշտության դեպքում):

5.2.

Պատվերը հաստատելիս տեղի է ունենում ընկերության, օպերատորի կամ ռեսուրսատուի հաշվառման համակարգում պատվերի կարգավիճակի փոփոխում «պատվերը հաստատված է» կարգավիճակի: Ռեսուրսների ամրագրման (պատվերի հաստատման) մասին ծանուցումն ուղարկվում է հաճախորդի բջջային հեռախոսահամարին (հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին):

6.

Ռեսուրսների ձեռքբերումը

6.1.

Համակարգի` պատվերում նշված և ամրագրված ռեսուրսները համարվում են հաճախորդի կողմից ձեռք բերված հետևյալ իրադարձությունների տեղի ունենալու դեպքում.

Ռեսուրսների հաջող ամրագրում Կանոնների 5-րդ կետի համաձայն;

Պատվերի լրիվ վճարում, ներառյալ օպերատորի կամ ռեսուրսատուի սակագները, ընկերության հավելավճարները կամ այլ վճարները` կախված մատուցվող ծառայություններից, ինչպես նաև գների հնարավոր փոփոխություններից, ռեսուրսներն ամրագրելու ժամանակ սահմանվող ժամանակահատվածի ընթացքում (տոմսի դուրսգրման վերջնաժամկետ կամ թայմ-լիմիտ), հաճախորդի կողմից ընտրված այն վճարման եղանակներից որևէ մեկով, որոնք նշված են http://biletix.am /faq/#14 հղման մեջ: Վճարման առանձին եղանակների դեպքում վճարումը, որոշ դեպքերում, բաժանվում է երկու գումարի, որոնցից մեկն ուղղվում է ընկերությանը, իսկ մյուսը` օպերատորին կամ ռեսուրսատուին: Առանձին դեպքերում, վճարում կատարելու համար պետք է տեղի ունենա վճարողի նույնականացման հաջող ընթացակարգ (հաշվի առնելով սույն Կանոնների 3.2.8. և 3.3.5. ենթակետերը);

Ընկերության կողմից վճարմանը մասնակցող վճարային համակարգից պատվերի վճարման հավաստիացման ստացում:

6.2.

Ռեսուրսները ձեռք բերելիս տեղի է ունենում ընկերության, օպերատորի կամ ռեսուրսատուի հաշվառման համակարգում պատվերի կարգավիճակի փոփոխում «ռեսուրսները ձեռք են բերված» կարգավիճակի:

6.3.

Ռեսուրսների ձեռքբերման մասին ծանուցումն ուղարկվում է հաճախորդի բջջային հեռախոսահամարին: Ռեսուրսների ձեռքբերման հաստատումը էլեկտրոնային տոմսի տվյալների հետ, իսկ համապատասխան դեպքերում` էլեկտրոնային վաուչերն ուղարկվում է հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին:

6.4.

Հաճախորդի կամ ուղևորի պահանջով նրա էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվում է էլեկտրոնային տոմսի երթուղու թերթիկ-անդորրագիրը (քաղվածք տոմսերի ձևակերպման ավտոմատացված տեղեկատվական համակարգից): Երթուղու թերթիկ-անդորրագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը փոխարինում է հսկիչ-դրամարկղային կտրոնին: Միաժամանակ, երթուղու թերթիկ-անդորրագիրը հանդիսանում է առաջնային հաշվառման փաստաթուղթ հաճախորդի հաշվապահական հաշվառման համար, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, անհատ ձեռնարկատեր կամ այլ անձ, որը պարտավոր է հաշվապահական հաշվառում վարել: Երթուղու թերթիկ-անդորրագիրը, դրանում փոխադրման սակագների և օպերատորի և/կամ ընկերության հավելավճարներում հաշվարկված ԱԱՀ գումարների առանձին տողով նշելու դեպքում, հանդիսանում նաև է ԱԱՀ հաշվառման նապատակների համար հաշիվ-ապրանքագրին փոխարինող փաստաթուղթ:

6.5.

Սույն օֆերտայի 7.1., 7.3., 7.4. կետերը չեն կիրառվում հաճախորդի կողմից էլեկտրոնային տոմսը թղթային կրիչի (տոմսի) վերածելու պահանջի դեպքում, այլ կերպ ասած` հաճախորդի կողմից biletix.am. համակարգի կայքում թղթե տոմսեր պատվիրելու դեպքում: Այդ դեպքում տոմսերի դիմաց վճարումն իրականացվում է կողմերի կողմից համաձայնեցված ժամկետում` տոմսերն ընկերության կենտրոնական գրասենյակում` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 21/1 հասցեում ստանալիս կամ ընկերության առաքման ծառայության կողմից տոմսերն առաքելիս:

6.6.

Պատվերին «ռեսուրսները ձեռք են բերված» կարգավիճակ շնորհելը նշանակում է հաճախորդի և ընկերության միջև ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման պայմանագրով պարտավորությունների կատարում, այդ պայմանագիրը համարվում է լրիվ կատարված և դադարեցնում է իր գործողությունը, բացառությամբ սույն Կանոնների Հատուկ դրույթներ բաժնում նշված դեպքերի և իրադարձությունների, նախ և առաջ` տոմսերի վերադարձման կամ փոփոխման դեպքերում: Պատվերին այդպիսի կարգավիճակ շնորհելը միաժամանակ նշանակում է, որ հաճախորդի և օպերատորի կամ ռեսուրսատուի միջև առաջանում են փոխադրման և լրացուցիչ այլ ծառայությունների հետ կապված անմիջական հարաբերություններ: Փոխադրման իրականացման և լրացուցիչ ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր պարտականությունները կրում է օպերատորը կամ ռեսուրսատուն: Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում օպերատորի և ռեսուրսատուի կամ հաճախորդի գործողությունների համար, որոնք վերաբերում են այդպիսի փոխադրման և/կամ լրացուցիչ ծառայությունները չմատուցելուն կամ ոչ պատշաճ մատուցելուն, ներառյալ, բայց չսահմանափակվելով չվերթների չեղարկմամբ (հեռավոր ուղևորությունների գնացքների), ծառայությունների մատուցումից հրաժարվելով, հաճախորդին օդանավ կամ գնացքի վագոն չընդունելով, ուղևորների արտաքսումով և այլն:

7.

Պատվերի չեղարկումը

7.1.

Այն դեպքում, երբ պատվերը մինչև թայմ-լիմիտի վրա հասնելը վճարված չէ, այդ թվում` վճարային համակարգի կողմից դրամական միջոցների փոխանցումը մերժելու կապակցությամբ, ինչպես նաև՝ եթե ռեսուրսների ամրագրումը չի հաստատվել օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից (անկախ պատվերի համար վճարումից), պատվերը չեղարկվում է: Վճարման թայմ-լիմիտը կարող է փոխվել ընկերությունից անկախ պատճառներով` առանց հաճախորդին կամ ուղևորին նախապես ծանուցելու: Պատվերը հաճախորդի կողմից կարող է չեղարկվել մինչև ռեսուրսի ձեռքբերումը: Վերը նշված պատվերի ցանկացած չեղարկում հանգեցնում է հաճախորդի կողմից պատվերի առնչությամբ վճարված բոլոր միջոցների ետ վերադարձի, բացառությամբ սույն Կանոններում նշված դեպքերի:

7.2.

Ռեսուրսի ձեռքբերումից հետո հաճախորդի կողմից պատվերից հրաժարվելն ակտիվացնում է տոմսերի վերադարձի, տույժ-տուգանքների հաշվարկի, լրացուցիչ ծառայությունների արժեքի փոխհատուցման ընթացակարգերը` սույն Կանոններին և օպերատորի և ռեսուրսատուի կողմից սահմանված կարգին համապատասխան: Այդ դեպքում դրամական միջոցները կարող են վերադարձվել հաճախորդին` հանած նշված տուգանքները և փոխհատուցումները, ինչպես նաև ընկերության կողմից հաճախորդին արդեն մատուցված ծառայությունների արժեքը, մասնավորապես` համակարգի ծառայությունների համար հավելավճարը:

7.3.

Օպերատորը կամ ռեսուրսատուն միակողմանի կերպով և առանց նախազգուշացման կարող է չեղարկել պատվերը ռեսուրսների կրկնակի ամրագրում հայտնաբերելու դեպքում (կոնկրետ ուղևորի համար միևնույն չվերթի և միևնույն ամսաթվով մեկից ավելի ամրագրում): Ռեսուրսի կրկնակի ամրագրումից խուսափելու համար հաճախորդը պետք է չեղարկի գոյություն ունեցող բոլոր կրկնօրինակող ամրագրումները և պատվերը ձևակերպելուց հետո չնախաձեռնի կրկնօրինակող պատվերներ:

7.4.

Ընկերությունը ստիպված կլինի չեղարկել պատվերը, եթե օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից մերժվի ամրագրման տրամադրումը, տոմսերի դուրսգրումը (էլեկտրոնային տոմսերի ձևակերպումը), ինչպես նաև եթե օպերատորը կամ ռեսուրսատուն պատվերի կարգավիճակի փոփոխման ընթացքում կասեցրել կամ դադարեցրել է իր գործունեությունը: Օպերատորի և ռեսուրսատուի ցանկացած գործողություններ, ինչպես և նրանց անգործությունը հաճախորդի կողմից ռեսուրսների ձեռքբերումից հետո (այն է՝ պատվերի կարգավիճակը փոխվել է «ռեսուրսները ձեռք են բերված» կարգավիճակի) կարգավորվում են փոխադրման կամ լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում` հաշվի առնելով սույն Կանոնների 6.6. կետը: Ընկերությունն իրավունք ունի, սակայն պարտավոր չէ այդպիսի դեպքերում հանդես գալ օպերատորի կամ ռեսուրսատուի կողմից, քանի որ ընկերությունն օպերատորի կամ ռեսուրսատուի լիազորված անձն է միայն համակարգի ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման կապակցությամբ հաճախորդի հետ հարաբերություններում:

7.5.

Այն դեպքում, երբ ընկերությունը ժամանակին տեղեկատվություն չի ստացել հաճախորդի կողմից պատվերի համար վճարման մասին և ռեսուրսատուի կողմից կամ ընկերությունից անկախ այլ պատճառներով պատվերը չեղարկվել է, չեղարկված պատվերը կարող է վերականգնվել ընկերության աշխատակիցների կողմից՝ այդպիսի պատվերների մշակման ընդհանուր հերթականության կարգով:

7.6.

Պատվերի չեղարկումը հանգեցնում է օպերատորի կամ ռեսուրսատուի հաշվառման համակարգում պատվերի կարգավիճակի փոխման «պատվերը չեղարկված է» կարգավիճակի: Չեղարկված պատվերն այլ կերպ չի կարող վերականգնվել նորից վճարում իրականացնելու համար, քան համակարգի կայքում նոր պատվերի ձևակերպման միջոցով:

8.

Պատասխանատվությունը, վեճերի լուծումը

8.1.

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում համակարգի ռեսուրսների ամրագրման և ձեռքբերման ընթացքում բջջային կապի խափանման կամ վատ աշխատանքի, հաճախորդին ինտերնետային ցանցի առանձին սեգմենտների հասանելիության, ինչպես նաև հաճախորդի կողմից համակարգի կայքին դիմելիս օգտագործվող կապուղիների որակի և պաշտպանվածության համար, ինչպես և ցանկացած այնպիսի վնասի համար, որը հաճախորդը կրել է իր կողմից անորակ կամ չպաշտպանված կապուղիներ օգտագործելու արդյունքում:

8.2.

Հաճախորդն իր վրա է վերցնում պատվերը ձևակերպելիս մուտքագրվող կոնտակտային տվյալների արժանահավատության համար պատասխանատվությունը և ռիսկերը:

8.3.

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած կորուստների և բարոյական վնասի համար, որոնք հաճախորդը կրել է սույն Կանոնները, կամ տոմսերը ստանալու և օգտագործելու կարգի մասին տեղեկատվությունը սխալ հասկանալու կամ չհասկանալու արդյունքում:

8.4.

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օպերատորի կամ ռեսուրսատուի գործողությունների կամ անգործության համար` կապված փոխադրման և հաճախորդին կամ ուղևորներին լրացուցիչ ծառայություններ մատուցելու հետ:

8.5.

Հաճախորդը պարտավոր է պահպանել օպերատորի և ռեսուրսատուի կողմից սահմանված փոխադրման կանոնները և դրանց մասին տեղյակ պահել ուղևորներին: Հաճախորդը պատասխանատու է ուղևորների կողմից նշված կանոնները, ինչպես նաև սույն Կանոնները պահպանելու համար:

8.6.

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած բացասական հետևանքների և վնասների համար, այդ թվում՝

Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունների ոչ արժանահավատ կամ ոչ բավարար լինելու կամ հաճախորդի կողմից պատվերի ձևակերպման և վճարման սահմանված կանոնների խախտման հետևանքով պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում;

Ավիաչվերթների, գնացքների մեկնման փոփոխության, չեղարկման, հետաձգման, ուշացման, ավիաընկերության կամ փոխադրողի փոխարինման, չվացուցակի փոփոխման, տոմսերի արժեքների փոփոխման, վաճառքից սակագինը հանելու, չվճարված կամ վճարված ամրագրումների չեղարկման, ուղևորների ուղևորության ամբողջ ժամկետի ընթացքում ուղեբեռի, բեռի, արժեքավոր իրերի և փաստաթղթերի պահպանվածության, կորստի կամ վնասվելու համար: Այդ դեպքերում հաճախորդի առջև պատասխանատվություն են կրում ավիացիոն և երկաթուղային փոխադրողները` միջազգային կանոններին և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

Մաքսային և իմիգրացիոն իշխանությունների գործողություների համար;

Իրավասու մարմինների կողմից ուղևորի` ՀՀ-ից ելքի և ՀՀ մուտք գործելու իրավունքի սահմանափակման հետևանքով;

Ուղևորի կողմից մաքսային և սահմանային ընթացակարգերը, ուղևորափոխադրման և ուղեբեռ տեղափոխելու կանոնները, ինչպես նաև ժամանակավորապես տվյալ երկրում գտնվելու ընթացքում այդ երկրի վարքագծի հատուկ կանոնները խախտելու հետևանքների համար;

Ուղևորի մոտ օպերատորի կողմից ձևակերպված և տրամադրված ճանապարհորդական փաստաթղթերի բացակայության համար;

Չվերթի հաշվառման կամ գնացքի մեկնման վայրում և մեկնման ժամանակ ուղևորի ներկա չգտնվելու կամ ուշանալու համար;

Ուղևորի կողմից փոխադրողի սահմանած վարքագծի կանոններն օդանավում կամ գնացքի վագոնում չպահպանելու համար;

Ուղևորի մոտ ուղևորությունն սկսելու պահին անձնագրի կամ այլ փաստաթղթերի, երեխաների մեկնման հարցերը կարգավորող փաստաթղթերի բացակայության համար;

Փոխադրումից հեռացնելու համար այն դեպքում, երբ նշանակման երկրում գտնվելու ենթադրյալ ժամկետը գերազանցում է ուղևորի անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը;

Վճարային համակարգի կողմից հաճախորդի պատվերի համար դրամական միջոցների փոխանցում իրականացնելը մերժելու համար:

8.7.

Կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը բանակցությունների միջոցով վիճելի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Հաճախորդն իրավունք ունի ընկերությանը գրավոր ձևով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան պահանջների համար հիմք առաջանալու պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում: Հաճախորդի կողմից այդ ժամկետից ուշ, ինչպես նաև փոխադրման կամ լրացուցիչ ծառայությունների որակի կամ տրամադրման/չտրամադրման վերաբերյալ ներկայացված պահանջները չեն ընդունվում և չեն քննարկվում: Ընկերության կողմից ընդունված պահանջները քննարկվում են դրանք ստանալու պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:

8.8.

Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերելու անհնարինության դեպքում ծագած վեճերը ենթակա են քննման դատական կարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

9.

Անհաղթահարելի ուժի հանգամանքները

9.1.

Կողմերն ազատվում են Պայմանագրով իրենց պարտավորությունները լրիվ կամ մասամբ չկատարելու համար պատասխանատվությունից, եթե այդպիսի չկատարումը եղել է անհաղթահարելի ուժի հանգամանքների, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխարգելելի հանգամանքների հետևանք:

9.2.

Անհաղթահարելի ուժի հանգամանքների թվին, մասնավորապես, դասվում են. տարերային աղետները; ռազմական գործողությունները; համապետական ճգնաժամը; գործադուլները տնտեսության տվյալ ճյուղում կամ աշխարհագրական վայրում; իշխանության պետական մարմինների գործողությունները և որոշումները; հեռահաղորդակցման և էներգետիկ ցանցերում առաջացող խափանումները; վնասաբեր համակարգչային ծրագրերի գործողությունը, ինչպես նաև երրորդ անձանց անբարեխիղճ գործողությունները` արտահայտված կողմերից յուրաքանչյուրի ծրագրային կամ ապարատային համալիրի նկատմամբ չթույլատրված մուտքի կամ շարքից հանելու գործողություններում:

10.

Պայմանագրի գործողությունը, փոփոխությունները և լուծարումը

10.1.

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հաճախորդի կողմից սույն Կանոններով արտահայտված օֆերտայի ակցեպտի պահից և գործում է մինչև կողմերի կողմից Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների լրիվ կատարման պահը: Եթե Պայմանագրի գործողության ընթացքում կողմերը ռեսուրսների առանձին կատեգորիաների ամրագրման և ձեռքբերման համար կիրառում են գործողությունների այլ հատուկ կարգ, ապա այդպիսի կարգը չպետք է հակասի սույն Կանոններին:

10.2.

Պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով: Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահին հրաժարվել ընկերության և օպերատորի (ռեսուրսատուի) ծառայություններից: Հաճախորդի հրաժարվելը հանգեցնում է այդ հրաժարվելու պահից իր առջև ընկերության և օպերատորի բոլոր պարտականությունների դադարեցման:

10.3.

Ընկերությունն իրավունք ունի փոխելու սույն Կանոնների պայմանները, ինչպես նաև համակարգի կայքում ցանկացած տեղեկատվություն՝ առանց հաճախորդին նախապես ծանուցելու: Հաճախորդը, իմանալով այդպիսի փոփոխությունների հնարավորության մասին, համաձայն է, որ դրանք կատարվելու են: Եթե հաճախորդն այդպիսի փոփոխություններից հետո շարունակում է օգտվել ընկերության ծառայություններից, ապա դա նշանակում է նրա համաձայնությունը դրանց հետ:

11.

Տեղեկատվության գաղտնիությունը

11.1.

Ընկերությունը հաճախորդին երաշխավորում է նրա կողմից պատվերը ձևակերպելու, համակարգի ռեսուրսներն ամրագրելու և ձեռքբերելու նպատակով տրամադրված տվյալների գաղտնիությունը:

11.2.

Հաճախորդը պատասխանատվություն է կրում իր գրանցման անունի (մուտքանունի) և գաղտնաբառի (եթե այն նախատեսված է) գաղտնիության համար, ինչպես նաև տվյալ անունի (մուտքանունի) և գաղտնաբառի տակ կատարված բոլոր գործողությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում և չի հատուցում երրորդ անձանց կողմից հաճախորդի նույնականացման տվյալների չթույլատրված օգտագործման պատճառով առաջացած վնասների համար:

II. Հատուկ դրույթներ

12.

Տոմսերի ետ վերադարձը

12.1.

Հաճախորդի կամ ուղևորի կողմից փոխադրումից հրաժարվելու դեպքում դրամական միջոցների ետ վերադարձն իրականացվում է ռեսուրսատուի և օպերատորի կողմից սահմանված սակագների կանոնների և սահմանափակումների համապատասխան: Տոմսի սակագնի ետ վերադարձի պայմանների մասին տեղեկատվությունը հաճախորդին տրամադրվում է ընկերության կայքում պատվերը ձևակերպելիս: Չարտերային փոխադրումների տոմսերը վերադարձի և փոփոխման ենթակա չեն:

12.2.

Տոմսերի ետ վերադարձի և փոփոխման գործողությունները կատարվում են հետևյալ կերպ. Հաճախորդը կամ ուղևորը https://travel.care հղման «Տոմսերի ետ վերադարձ» բաժին է մուտք գործում և լրացնում տոմսի ետ վերադարձի, փոփոխման կամ այլնի անհրաժեշտ ձևը:

12.3.

Չօգտագործված տոմսերի ետ վերադարձի կամ փոփոխման ձևակերպման համար ընկերությունը հավելավճար է գանձում: Ուղղակիորեն կայքից տոմսեր ձեռքբերած հաճախորդների համար փոփոխման ձևակերպման հավելավճարը կազմում է 3500 ՀՀ դրամ յուրաքանչյուր տոմսի համար, ետ վերադարձի ձևակերպման համար` 3500 ՀՀ դրամ յուրաքանչյուր տոմսի համար: Մետա-որոնողական ագրեգատորից դեպի ընկերության կայք անցում կատարելուց հետո տոմսեր ձեռքբերած հաճախորդների համար տոմսի փոփոխման ձևակերպման հավելավճարը կազմում է կազմում է 3500 ՀՀ դրամ յուրաքանչյուր տոմսի համար, ետ վերադարձի ձևակերպման համար` 3500 ՀՀ դրամ յուրաքանչյուր տոմսի համար: Տոմսի հարկադրված ետ վերադարձի դեպքում (չվերթի չեղարկում, ուղևորի մահ կամ հիվանդություն, և այլն) ետ վերադարձի ձևակերպման համար հավելավճար չի գանձվում:

12.4.

Սույն Կանոններով չնախատեսված մնացած բոլոր հարցերում Կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

13.

Լրացուցիչ ծառայությունների ետ վերադարձը

13.1.

Որոշ լրացուցիչ ծառայություններ (դրանցից օգտվելու իրավունքները) կարող են հաճախորդի կողմից ետ վերադարձվել մինչև դրանց փաստացի մատուցման պահը (կարճ հաղորդագրությամբ տեղեկացում չվերթի չեղարկման կամ հետաձգման մասին, հաճախորդի փոխարեն տոմսի առցանց հաշվառում): Սա նշանակում է հաճախորդի հրաժարվելը ռեսուրսատուի պայմաններով այդպիսի լրացուցիչ ծառայությունների մատուցումից: Կարճ հաղորդագրությամբ տեղեկացման և առցանց հաշվառման ծառայություններից հրաժարվելու դեպքում դրամական միջոցները ետ են վերադարձվում սույն ծառայությունների արժեքի լրիվ ծավալով:

14.

Պրոմոկոդերի օգտագործման պայմանները

14.1.

Biletix.am պրոմոկոդերը կարող են օգտատիրոջը տրամադրվել մարքեթինգային միջոցառումների շրջանակներում կամ այլ դեպքերում` ընկերության հայեցողությամբ:

14.2.

Բիլետիքս պրոմոկոդերը զեղչեր են տրամադրում biletix.am և m.biletix.am կայքերում կամ Բիլետիքս բջջային հավելածներում ավիատոմսեր գնելիս:

14.3.

Պրոմոկոդերի օգտագործումը կարող է սահմանափակվել գովազդային հղումներով կամ ավիատոմսերի որոնման ծառայությունների միջոցով biletix.am և m.biletix.am կայքեր անցում կատարելիս:

14.4.

Պրոմոկոդի ակտիվացման կարգը և ժամկետները սահմանվում են դրա կիրառման պայմաններով: Այն դեպքում, երբ պրոմոկոդը չի ակտիվացվել դրա համար սահմանված ժամկետում, այն համարվում է անվավեր և չի կարող օգտագործվել զեղչ ստանալու համար: Պրոմոկոդի փոխարինում կամ նրա գործողության ժամկետի երկարացում չի իրականացվում:

14.5.

Պրոմոկոդի ակտիվացումն իրականացվում է biletix.am և m.biletix.am կայքերում կամ Բիլետիքս բջջային հավելածներում դրա համար հատուկ նախատեսված վանդակում այն մեկ անգամ մուտքագրելու միջոցով` դրա կիրառման համար սահմանված պահանջների պահպանմամբ: Օգտատիրոջ կողմից պրոմոկոդի ակտիվացումը նշանակում է նրա անվերապահ համաձայնությունը սույն Կանոնների հետ, ինչպես նաև տվյալ պրոմոկոդի օգտագործման պայմանների և նրա կիրառման հետևանքների հետ:

14.6.

Պրոմոկոդի ակտիվացումից հետո նրա օգտագործման պայմանների պահպանման դեպքում օգտատիրոջը տրամադրվում է զեղչ տվյալ պրոմոկոդի կանոններին համապատասխան չափով և այն պայմաններով, որոնք նշված են պրոմոկոդի հետ օգտատիրոջն ուղարկված նյութերում:

14.7.

Հնարավոր չէ համատեղել մի քանի պրոմոկոդ:

14.8.

Այն դեպքում, երբ հաճախորդը որոշում է ետ վերադարձնել կամ փոփոխել պրոմոկոդի օգտագործմամբ ձեռքբերած տոմսը, պրոմոկոդը այլևս չի վերականգնվում:

14.9.

Պրոմոկոդի վերականգնումը հնարավոր է միայն ավիատոմսերի հարկադրված ետ վերադարձի դեպքում՝ հաճախորդի կողմից ընկերությանը դիմելու միջոցով:

14.10.

Արգելվում է Բիլետիքս պրոմոկոդերի օգտագործումն առևտրային (շահույթ հետապնդելու) նպատակներով, ինչպես նաև տարբեր պրոմոկոդերի բազմակի օգտագործումը մեկ անձի կողմից: Սույն կանոնը խախտելու դեպքում ընկերությունն իրավունք ունի չեղարկել պրոմոկոդերի գործողությունը, և արգելափակել դրանք ոչ օրինաչափ օգտագործող հաճախորդի մուտքը դեպի biletix.am և m.biletix.am կայքեր կամ Բիլետիքս բջջային հավելածներ:

Սույն Կանոններով չնախատեսված մնացած բոլոր հարցերում Կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: