Ծովափեր

Արաբական ծովածոցի բյուրեղյա մաքրությամբ ջրերը մինչ օրս համարվում են Դուբայի գլխավոր տեսարժան վայրերը։ Այստեղ կլոր տարի կարելի է լողալ և արևի ճառագայթներ ընդունել։ Դուբայի ծովափերը հանգստի բազմաթիվ հնարավորություններ են առաջարկում և հարմար են թե՛ արևի տակ ծուլորեն հանգստացողների, թե՛ ակտիվ հանգիստ սիրողների համար։

Շնորհիվ հսկայական բազմազանության, դուք այստեղ չեք գտնի 2 միանման ծովափ:

Sunset Beach ծովափից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ առագաստ-հյուրանոց Բուրջ Ալ Արաբը (Burj Al Arab)։ Ինչո՞վ է յուրահատուկ այս անվճար ծովափը։ Նախ՝ այն իրապես ամենագեղեցիկներից մեկն է էմիրություններում, երկրոդ՝ գրավում է սերֆերներին աշխարհի տարբեր ծայրերից։ Դու՛ք էլ կարող եք վարձակալել տարբեր սարքավորումներ, որոնք տեղակայված են Surf House Dubai սերֆինգ կենտրոնից ոչ հեռու և սանձել Պարսկական ծովածոցի խենթ ալիքները։

Kite Beach ծովափը ամենասպորտային ծովափն է Դուբայում, իսկական Մեքքա քայթսերֆինգի սիրահարների համար։ Այստեղ կարելի է նաև ծովափնյա վոլեյբոլ խաղալ և փորձել ուժերը պադլբորդինգում կամ կայակինգում։ Ծովափն աաջարկում է բազում պարապմունքներ, որոնք կապված չեն ջրի հետ՝ սքեյթ- պարկ, բատուտ բաց երկնքի տակ և իդեալական զբոսայգի երեխաների համար։

Դուք անշուշտ կհավանեք վերջերս բացված La Mer ծովափը։ Արևայրուք, ծով և ակտիվ հանգիստ սիրողների համար սա լավագույն վայրերից է։ Արմավենիների լայն ծառուղիներ, սրճարաններ և ռեստորաններ, ծովափնյա սպորտի և ժամանցի բազում տեսակներ՝ այս ամենը La Mer-ը դարձնում է վայր, ուր միշտ ուզում ես վերադառնալ։

Որ ծովափն էլ որ ընտրեք, հանգիստ եղեք՝ բոլորն էլ ապահովված են անհրաժեշտ հարմարություններով։ Խաղահրապարակներ, բարբեքյուի տարածքներ, ջրային սպորտի համար սարքավորումների վարձակալություն։ Դուբայի ծովափերում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ հանգստի համար։

Տեսարժան վայրեր

Դուբայը հրաշքների՜ քաղաք է։ Իսկ որպեսզի հավատաս հրաշքին, պետք է այն տեսնես քո՛ աչքերով։ Այստեղ աներևակայելի բարձրություն ունեցող շենքերի կողքին կարող եք տեսնել պատմական թաղամասեր, իսկ ափի երկայնքով սփռված են յուրատեսակ ձեռակերտ կղզիներ։

Բուրջ Խալիֆա (Burj Khalifa) երկնաքերն ամենաբարձր շենքն է աշխարհում (828 մ): Սա գլխավոր տեսարժան վայրերից է, որին անպայման կծանոթանաք, քանի որ այն երևում է քաղաքի ցանկացած կետից։

Բուրջ Խալիֆայի հարևանությամբ տարածվում է Dubai Mall առևտրի կենտրոնը։ Սա մի ամբողջ "քաղաք է քաղաքի մեջ", որն այցելելու համար ամբողջական մեկ օրն էլ չի հերիքի։ Դրա տարածքում կա ավելի քան 1200 խանութ, 150 ռեստորան, հսկայական ակվարիում և ստորջրյա կենդանաբանական այգի, մասնագիտությունների քաղաք Kidzania-ն, վիրտուալ իրականության այգի VR Park-ն ու այլ զվարճանքներ։

Ամենամեծ արհեստական կղզիներից մեկն աշխարհում՝ Պալմ Ջումեյրան (Palm Jumeirah), ինժեներական հանճարեղ գաղափարների մարմնացումն է։ Դժվար չէ գլխի ընկնել, որ կղզին կառուցված է արմավենու տեսքով։ Այնտեղ են գտնվում շքեղ հյուրանոցները, հանգստյան գոտիներն ու ծովափերը։ Զբոսանքը կղզում ձեզ մեծ բավականություն կպատճառի։

Կրիկ ծովագոգը (Dubai Creek) և դրան շրջապատող տարածքը պահպանում են Դուբայի պատմությունը։ Այստեղ է գտնվում Դուբայի թանգարանը (Dubai Museum), ինչպես նաև ավանդական արևելյան շուկաները՝ ոսկու, համեմունքների և կտորի։ Եթե հայտնվեք այս շրջանում, անպայման նավարկեք աբրա նավով։ Մյուս պատմական շրջանը՝ Ալ-Ֆահիդին (Al Fahidi), քաղաքի հնագույն շրջաններից մեկն է։ Քամոտ աշտարակները, նեղ փողոցների լաբիրինթերը՝ ամեն ինչ այստեղ կրում է անցյալի հետքերը։

Աշխարհի ամենամեծ ձեռակերտ նավահանգիստը սպորտանավերի համար՝ Դուբայ Մարինան (Dubai Marina) կարծես հյուր լինի ապագայից՝ աներևակայելի ձևի և չափերի երկնաքերերով։ Դուք կարող եք հիանալ այս ճարտարապետական հրաշքով՝ զբոսնելով Dubai Marina Walk-ում կամ էլ սպորտանավով ծովային ճանապարհորդության ուղևորվելով Dubai Marina Yacht Club ակումբի մոտից։

Երկնաքերեր

Արևի տակ փայլփլող Դուբայի երկնաքերերն արդեն դարձել են էմիրությունների իսկական խորհրդանիշը։ Դրանցով կարելի է հիանալ հեռվից կամ էլ հենց կողքից, բայց ավելի տպավորիչ կլինի, եթե բարձրանաք քաղաքի ամենաբարձր դիտահրապարակը և հիանաք հեքիաթային տեսարանով։

Արդեն պատմել ենք ձեզ Բուրջ Խալիֆայի մասին՝ որպես քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, որը երևում է քաղաքի տարբեր ծայրերից։ Այստեղ կա 2 դիտահրապարակ՝ At The Top-ը, որը տեղակայված է 124 և 125-րդ հարկերում, և At The Top Sky-ը, որը սպասում է իր այցելուներին 148-րդ հարկում։ Եթե ուզում եք համեղ ճաշատեսակներ վայելել թռչնի ճախրանքի բարձրությունից, ապա եկե՛ք At.mosphere ռեստորան։

Վարձակալե՛ք բնակարաններ Դուբայի ամենաանհավանական երկնաքերերից մեկում՝ Cayan Towers-ում։ Այն համարվում է քաղաքի ճարտարապետական հրաշքը, քանի որ շենքն իրենից ներկայացնում է 90 աստիճանով պտտեցրած պարուրագիծ։ Անպայման հիացեք աշտարակով, թեկուզ կողքից․ եթե ներքևից նայեք ամենաբարձր կետին, ապա գլխապտույտ կունենաք։

Դուբայում դուք կգտնեք տեսարանային ռեստորաններ և լաունջներ ցանկացած ճաշակի։ Կարող եք երեկոն անցկացնել Iris-ում, The Oberoi Dubai հյուրանոցի տանիքին, Uptown Bar-ում, որտեղից բացվում է առագաստ-հյուրանոցի տեսարանը, Mercury Lounge-ում Դաունթաուն Դուբայի (Downtown Dubai) տեսարանով մի կողմից և Արաբական ծովածոցի տեսարանով մյուս կողմից։

Կան նաև այլ միջոցներ Դուբայի տեսարաններով հիանալու համար։ Դրանցից մեկը նույնիսկ էքստրեմալ տարբերակ է։ Փորձե՛ք ինքներդ ձեզ աշխարհի ամենաերկար և ամենաարագ քաղաքային զիփլայնում՝ XLine-ում։ Թռիչքի ժամանակ կարելի է ոչ միայն ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, այլև վայելել Դուբայ Մարինա (Dubai Marina) շրջանի շքեղ տեսարանը։

Dubai Frame ֆուտուրիստական շրջանակը, 150 մ բարձրությամբ, առաջարկում է 360 ասիճան ունեցող տեսահրապարակ։ Յուրատեսակ կառույցն իրենից ուղղանկյուն է ներկայացնում՝ նկարի շրջանակի տեսքով (frame)։ Ամենավերևում գտնվում է դիտահրապարակը․ կարելի է միաժամանակ տեսնել պատմական թաղամասն ու մեգապոլիսի ժամանակակից համայնապատկերը։

Անապատներ ու լեռներ

Աշխարհում քիչ քաղաքներ կան, որտեղ ծովը սահմանակցում է անապատին, իսկ կողքին էլ վեր են խոյանում լեռներ։ Դուբայը հրաշալի է նրանով, որ սրանք իրարից ընդամենը 1 ժամվա մեքենայով հեռավորության վրա են գտնվում, ուստի առավոտյան վայելելով սերֆինգը, երեկոյան կարող եք արդեն սենդբորդով սահել ավազաբլուրների վրա, իսկ հաջորդ օրն ուղևորվել դեպի Հաթթա փոքրիկ քաղաքը Հաջարի լեռների ստորոտին։

Դուբայի գերժամանակակից կենտրոնից ընդամենը 20 րոպե երթևեկելուց հետո բացվում է Արաբական անապատը։ Սա ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Տուրօպերատորները առաջարկում են սաֆարի անապատում, որոնք ներառում են զանազան զվարճություններ՝ ավազաբլուրների վրա ջիպինգից և քառացիկլով սահումից մինչև սենդբորդինգ, զբոսանք ուղտերով և բարբեքյու։

Սենդբորդինգը տախտակի վրա սահումն է, որը հիշեցնում է սնոուբորդ, զվարճանք ավազաբլուրների վրա արտասովոր հանգիստը իրապես սիրողների համար։ Միայն թե պատկերացրե՜ք՝ զառիվեր վայրէջքի ժամանակ կարելի զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն։ Ուղևորվե՛ք գրավելու Big Red-ը՝ հսկայական ավազաբլուրը, որն իր անունն ստացել է ավազի վառ կարմիր գույնի շնորհիվ։

Եթե դուք սովոր եք հարմարավետության և չեք ուզում բաժանվել դրանից անգամ անապատում, Al Maha Desert Resort & Spa սպա-առողջարանը Դուբայի ավազային արգելոցում կառաջարկի ձեզ շքեղ քեմփինգ՝ տեղավորելով վրանաձև վիլլաներում՝ անձնական համապատկերային լողավազանով։

Իսկ լեռնե՞րը։ Դուբայից ընդամենը 130 կմ հարավ-արևելք բացվում է բացարձակապես մի ուրիշ աշխարհ։ Երկնաքերերի շլացնող ապակե ճակատների փոխարեն ձեր տեսադաշտում կհայտնվեն Հաջարի լեռների ատամնավոր գագաթները, առագահոս լեռնային գետակները և կանաչ հովիտները։

Լեռնային փոքր քաղաք Հաթթան, որը հիմնադրվել է 16-րդ դարում, շատ բան կարող է պատմել Դուբայի պատմության մասին։ Այս խախաղ վայրում է գտնվում հնագույն Հատտա Ամրոցը, որի պատերը, միջնաբերդն ու աշտարակները հրաշալի կերպով պահպանվել են մինչ օրս, ինչպես նաև հին գյուղի մի մասը, որտեղ առ այսօր տարվում են հնագիտական պեղումներ։

Երեխաների համար

Դուբայում կարելի է գտնել ակվապարկեր, զվարճանքների այգիներ ու շոու-ծրագրեր բոլոր տարիքների և ճաշակի համար։ Էքստրեմալ բլուրներ՝ խիզախների համար, դելֆինարիում՝ կենդանիներ սիրողների համար, Լեգոլենդ՝ այս կոնստրուկտորի երկրպագուների համար և այլն։ Ամենահետաքրքիրն այն է, որ Դուբայի ատրակցիոնները ո՛չ միայն երեխաների, ալև նաև մեծերի սրտով են։

IMG Worlds of Adventure-ն ամենամեծ թեմատիկ այգին է տանիքի տակ։ Այն զբաղեցնում է 28 ֆուտբոլային դաշտին հավասար մակերես։ Այգին բաղկացած է 4 գոտուց, որոնցից մեկը Յուրայի շրջանի ինքնատիպ այգին է։ Այստեղ դուք կգտնեք նաև ավելի քան 20 բլուրներ և ատրակցիոններ, որոնք նվիրված են Marvel Տիեզերքի սուպերհերոսներին և Cartoon Network մուլտֆիլմերի հերոսներին։

Մուտք գործել զվարճությունների և արկածների աշխարհ կարելի է Dubai Parks and Resorts համալիրում, որը միանգամից միավորում է ատրակցիոնների 3 թեմատիկ այգի և մի ակվապարկ։

Motiongate Dubai-ը դրախտ է կինոմանների համար՝ հայտնի ֆիլմերի՝ "Ուրվական որսացողներ", "Ինչպե՞ս վարժեցնել վիշապին", "Շրեկ" և "Սոված խաղեր" մոտիվներով, իսկ փոքրիկներին զվարճանքներ են սպասում են Սմուրֆիկների գյուղում։

Իր տեսակի մեջ եզակի Bollywood Parks թեմատիկ այգին մարմնավորում է Բոլիվուդի կախարդանքը։ Երթևեկե՛ք ինտերակտիվ ատրակցիոններով, դիտե՛ք մուլտիմեդիոն ներկայացումներ և պարզապես վայելե՜ք հնդկական կինոյի վարակիչ մթնոլորտը։

Legoland Dubai թեմատիկ այգու այցելուները կբացահայտեն Լեգոյի աշխարհը։ Եկե՜ք այստեղ 2-ից 12 տարեկան երեխաների հետ և ձեր ընտանիքի հետ անցկացրեք անմոռանալի օր։ Իսկ Legoland ակվապարկը միակ ջրային այգին է շրջանում, որը հատուկ ստեղծված է փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։

Ավելի մեծ և խիզախ երեխաների համար կան այլ ակվապարկեր, օրինակ՝ Aquaventure-ը, որը հայտնի է աշխարհում իր ամենաէքստրեմալ ատրակցիոններով, կամ էլ Wild Wadi-ն՝ Դուբայի ամենաառաջին ակվապարկը։

Երեկոյան ամբողջ ընտանիքով ուղևորվե՛ք դիտելու աննախադեպ շոու La Perle ակվաթատրոնում, որն ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա։ Դուք, միանշանակ, կընդարձակեք ձեր երևակայության սահմանները, և ոչ մի վայրկյան չեք կարողանա աչք կտրել ներկայացումից։ Ցատկեր ջրի մեջ 25 մետրանոց բարձրությունից, թռիչքներ գմբեթի տակ հատուկ լիսեռներով, երկրագնդի ձգողականության ուժի հաղթահարում մոտոցիկլետների վրա՝ դուք կստանաք անմոռանալի տպավորություն:

Համամներ և ՍՊԱ

Այցելությունը սպա-սալոններ Դուբայի առօրյա կյանքի անբաժան մասն է։ Ձեր այցելության ժամանակացույցում գտե՛ք ձեր հանգստի վայրը աշխարհի լավագույն համամներում և սպա-կենտրոններում։ Նրանք առաջարկում են ծրագրերի մեծ ընտրանի, արոմաթերապիայից և կոսմետիկ օծումից մինչև ընդհանուր առողջարար մերսումներ։ Ձուլվե՜ք լռության և հանգստի այս օազիսների մթնոլորտին։

Ցանկանու՞մ եք մարմնի ամբողջական խնամք հրաշալի բնական յուղերի և քսուքների օգտագործմամբ, թե՞ նախընտրում եք ավանդական համամ արաբական ոճով։ Այս ամենը դուք կգտնեք Դուբայի հրաշալի սպա-սալոններում։

Jumeirah Zabeel Saray հյուրանոցում գտնվող Talise Ottoman Spa-ն ամենամեծ համամն է Մերձավոր Արևելքում, և անշուշտ լավագույներից մեկը։ Այս սպա-համալիրը առաջարկում է տասնյակ ընթացակարգային սենյակներ և հանգստի օթյակներ, բայց ամենաշքեղ գոհարը իրապես թագավորական համամն է, որտեղ կարող եք ընկղմվել զգայական հաճույքների աշխարհ։

Palace Downtown թագավորական հյուրանոցի The Spa սալոնը շքեղության մարմնացումն է։ Սալոնի ներքին հարդարանքը իրականացված է խամրած հողի երանգներով և զարդարված հարուստ զարթաքանդակներով և արաբանախշերով։ Սալոնի կողմից առաջարկվող պրոցեդուրաներն արաբական ոճով են և կատարվում են միայն այնպիսի էլիտար ապրանքանիշերի բնական նյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են Natura Bisse-ը и Les Sens de Marrakech-ը։ Անպայմա՛ն փորձեք ֆիրմային պրոցեդուրան՝ One Desert Journey-ը, որը ներառում է անապատի ավազով և ծովի աղով սկրաբ մարմնի համար և մերսում մարոկանյան անանուխի յուղով։

Address հյուրանոցային ցանցի (Address Dubai Mall, Address Downtown, Address Dubai Marina, Address Boulevard, Address Montgomerie) The Spa սալոններում դուք նաև կարող եք գտնել առանձնավայրեր, որտեղ կարելի է հանգստանալ և երիտասարդանալ։

Դուբայում կա նաև համամ միայն կանանց համար, օրինակ՝ Abeer Beauty Spa սպա-սալոնում։ Այստեղ ձեզ սպասում են համամի ավանդական արարողություններ գեղեցիկ մարմարյա սրահներում։ Շոգեբաղնիքից, սկրաբից և մերսումից հետո ձեր մաշկը կփայլի գեղեցկությամբ և կերիտասարդանա։

Իսկ Tips & Toes սալոնը հիանալի վայր է նորեկների համար․ այն հնարավորություն կտա ծանոթանալ այս հայտնի պրոցեդուրային բավականին մատչելի գներով։ Սալոնն առաջարկում է վեց տարբեր համամ- պրոցեդուրաներ՝ ոչ թանկ մարոկանյան համամից մինչև Imperial Ritual-ի շքեղ արարողությունը։ Ձեզ սպասում են ուշադիր աշխատակազմը և գեղեցիկ սալիկներով զարդարված սրահները։

Հանգիստը սպա-սալոնում ձեզ կնվիրի թարմության և նորացման զգացում։ Փորձե՜ք ինքներդ։ Այնպիսի զգացողություն եք ունենալու, կարծես թե նորից եք ծնվել։

Գնումներ

Դուբայն իրական դրախտ է շոփինգամոլների համար։ Քաղաքում կա մոտ 100 առևտրի կենտրոն, ուստի դուք անպայման կգտնեք հենց այն, ինչ ձեզ հարկավոր է՝ դիզայներական զգեստներից և կոստյումներից մինչև յուրօրինակ հուշանվերներ։ Հաճելի ժամանակ անցկացրե՛ք հսկայական մոլերում, կամ էլ ձեզ համար բացահայտեք Դուբայի շուկաների տարաշխարհիկ բազմազանությունը։

Աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը Dubai Mall-ն է։ Մի տանիքի տակ այստեղ հավաքված են ավելի քան 1000 բուտիկներ և խանութներ՝ սկսած շատերին հասանելի ապրանքանիշերից, ինչպիսիք են Topshop-ն ու Zara-ն, մինչև Bloomingdale’s и Galeries Lafayette էլիտար ունիվերմագներ։

Ի միջի այլոց, Դուբայի առևտրի կենտրոնները միան շոփինգ չէ որ տրամադրում են։ Ո՞ւզում եք դահուկ կամ սքեյբորդ քշել։ Mall of the Emirates առևտրի կենտրոնում են գտնվում Ski Dubai լեռնադահուկային համալիրը, Magic Planet զվարճանքների այգին տանիքի տակ և Dubai Community Theatre and Art Centre գեղարվեստաթատերական կենտրոնը, որտեղ պարբերաբար ներկայացումներ և երաժշտական համերգներ են կազմակերպվում։ Սրան ավելացրեք առաջատար ունիվերմագները՝ Harvey Nichols, Marks & Spencer և Debenhams, Fashion Dome դիզայներական ապրանքանիշի ուլտրամոդայիկ բաժինը և VOX Cinemas կինոթատրոնը, և դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում անսահման հնարավորություններ շոփինգի և զվարճանքի համար։

Գնումների համար ուղևորվեք Mercato Mall, Ibn Battuta, Wafi Mall, Dubai Marina Mall և այլ առևտրի կենտրոններ։ Իսկ զեղչերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս գնալ ուղիղ Dubai Outlet Mall, որը գտնվում է Դուբայից մոտ կես ժամ երթևեկելու հեռավորության վրա։ Աստեղ կլոր տարի անցկացվում են մեծ սեյլեր և երբեմն զեղչերը հասնում են 90%-ի։ Դիզայներական ապրանքանիշերը ներկայացված են Burberry, Guess և DKNY բուտիկներում, ավելի հասանելի ապրանքանիշերի շարքում են Mango-ն և Aldo-ն, իսկ մանկական հագուստ կարելի է գնել Guess Kids և Tommy Hilfiger Kids խանութներում։

Եզակի դիզայներական ապրանքների համար, որոնցից այլևս ոչ ոք չունի, ավելի լավ է ուղևորվել շուկաներ։ Չնայած Ripe Market-ի հիմնական մասնագիտացումը ֆերմերական արտադրանքն է, ուրբաթ առավոտյան Zabeel այգու շուկայում և շաբաթ երեկոյան Al Barsha այգում առաջին շարքում են տեղի դիզայներները, որոնք առաջարկում են ամեն ինչ՝ եզակի ոսկերչական զարդերից և ձեռագործ սպորտային վերնաշապիկներից մինչև պայուսակներ ու պրինտներ։

Նրանք, ովքեր ասում են, թե Դուբայում չկա վայր, որտեղ վաճառվում են վինտաժային իրեր, հավանաբար երբևէ չեն եղել Դուբայի քրչուփալասի շուկայում։ Այս շուկան, որը պարբերաբար կազմակերպում են քաղաքի տարբեր հատվածներում, ներառյալ Zabeel այգում և Ibn Battuta առևտրի կենտրոնում, շատ հարմար է փորձառու գնորդների համար։ Շուկայում վաճառում են հագուստ և կտոր, կահույք և ճենապակի, ձեռքի աշխատանքներ և հնաոճ իրեր։

Գիշերային կյանք

Ընկերների հետ հանգստացե՛ք տանիքի վրա գտնվող նորաոճ լաուջաներում կամ էլ բաց երկնքի տակ պա՛ր բռնեք ծովափի երկայնքով ձգվող կոլորիտային բար-կաֆեներում։ Երեկոյան քաղաքի Դուբայ Մարինա (Dubai Marina), Դաունթաուն (Downtown Dubai) և Ջումեյրա (Jumeirah) թաղամասերում, ինչպես նաև Պալմ Ջումեյրա (Palm Jumeirah) կղզու վրա արթանում է գիշերային կյանքը։

Դուբայի ծովափնյա ակումբները ցերեկը արևն են, ծովը, ավազը և աննման խոհանոցը, իսկ երեկոյան՝ կենդանի երաժշտությունը, հրաշալի էներգետիկան և մշտական տոնի բոցավառ մթնոլորտը, որով այդքա՜ ն հայտնի է Դուբայը։ Էլ ի՞նչ է պետք սրանից բացի։

Eden Beach Club-ում ամեն երեկո աշխարհի լավագույն դիջեյները ցնցում են պարահրապարակը։ Սա իսկապես աշխարհիկ վայր է, ուր հյուրերը գալիս են իրենց ցույց տալու և ուրիշներին տեսնելու։ Հիացե՜ ք դեպի Արաբական ծովածոց կամ Պալմա Ջումեյրա բացվող գրավիչ տեսարաններով, կա՛մ էլ Դուբայի աներևակայելի ստվերանկարով։

The Ritz-Carlton հյուրանոցին կից La Baie Lounge ծովափնյա ակումբը շքեղ հաստատություն է բաց երկնքի տակ՝ շատ հարմար անշտապ ընթրիք վայելելու համար։ Երեկոյան այստեղ բոցավառ մթնոլորտ է տիրում։

Nikki Beach Dubai ծովափնյա ակումբում, որը տեղակայված է նույնանուն հյուրանոցում, գիշեր թե ցերեկ երաժշտական կատարումներ են հնչում։ Արևամուտից հետո իր դռներն է բացում գիշերային ակումբը, որտեղ մինչև լուսաբաց կարելի է ուրախ ժամանակ անցկացնլ։

Դուբայական տիպիկ հաստատություն է Barasti-ն, այն Դուբայի առաջին գիշերային ակումբներից մեկն է։ Ակումբի շենքը, որը գտնվում է Le Méridien Mina Seyahi Beach Resort ծովափնյա առողջարանի տարածքում, բաժանված է մի քանի մակարդակների։ Այստեղ հաճախ կենդանի երաժշտություն է հնչում, կամ այն դառնում է սպորտի երկրպագուների հավաքավայր։ Սա հրաշալի վայր է ցերեկով կամ երեկոյան ուրախ ժամանակ անցկացնելու և այլ զբոսաշրջիկների հետ ծանոթություն հաստատելու համար։

Դուբայում դուք կգտնեք բացարձակապես տարբեր ոճերի երեկույթներ։ Այցելե՛ք Boracay ընդարձակ ակումբը, որն իր անունը ստացել է Ֆիլիպիններում գտնվող Բորակայ կղզու ճերմակ ծովափերից։ Այստեղ դուք աներևակայելի ուրախ երեկո կանցկացնեք R&B, ռոք, թոփ 40 կամ պարային այլ ոճերի լավագույն ստեղծագործությունների ներքո։

Փարիզյան շնչով զվարճանքներ փնտրեք Boudoir բուտիկ-ակումբում։ Վերածննդի ոճով ոգեշնչված ռոմանտիկ դիզայնը և խամրած լույսերը հրաշալի մթնոլորտ են ստեղծում ընթրիքի կամ բոցավառ պարերի համար՝ հին ու բարի օլդսքուլից մինչև դասական ակումբային երաժշտություն, հիփ-հոփ և դիփ հաուս։ Իսկ Ibis Ալ Բաշա հյուրանոցում գտնվող Casa Latina ակումբը առաջարկում է լատինաամերիկյան մթնլորտ, ավանդական կուբայական կոկտեյլներ և խելահեղ ռիթմեր։

Ինչ նախապատվություններ էլ որ ունենաք երաժշտության և շրջապատի հարցում, դուք անպայման կգտնեք այն, ինչ ձեր սրտով է։

Հյուրանոցներ "ամեն ինչ ներառված է"

Դուբայի հյուրերը յուրահատուկ հնարավորություն ունեն քաղաքի լավագույն հյուրանոցներում ընտրել կեցության ձևը՝ ըստ "ամեն ինչ ներառված է" (all inclusive) համակարգի։ Լինել անհոգ և վայելել հանգիստը․ ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել։ Դուք կճաշակեք ազգային խոհանոցի խորտիկները կամ էլ կընտրեք ավելի ձեզ ավելի հարազատ եվրոպական ուտեստներ․ հյուրանոցներում ձեզ սպասում է ռեստորանների մեծ բազմազանություն՝ ցանկացած ճաշակի համապատասխան։

"Ամեն ինչ ներառված է" տարբերակը կարելի է ամրագրել օրինակ Atlantis the Palm, Dukes The Palm Royal Hideaway, Sheraton Jumeirah Beach Resort, Rixos The Palm Resort և JA The Resort հյուրանոցներում։

Հյուրերը կարող են հրաշալի խոհանոցը վայելել հիանալի ընտրված խմիչքների համադրությամբ։ Ռեստորաններում դուք կգտնեք միջազգային խոհանոցի ուտեստների լայն ընտրանի՝ լիբանանյան, արաբական, ամերիկյան, անգլիական, եվրոպական դասական և այլն։ Բացի այդ, դուք ինքներդ կարող եք ընտրել ռեստորանը՝ լողավազանի մոտ կամ էլ սպորտբարում, լաունջում կամ էլ հյուրանոցի տանիքին։ Ձեզ մնում է միայն վայելել հանգիստը Դուբայում։